Զորավարժության ընթացքում կիրառվել են հայկական արտադրության 500 կգ-անոց ռումբեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

.

ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 9-ին անցկացված՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների ներգրավմամբ հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլում կիրառվել են հայկական արտադրության 500 կգ-անոց ռումբեր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր զորավարժությունների ժամանակ հայկական ՌՕՈւ-երի «Սու-25» երը հայկական արտադրության 500 կգ ռումբերով շատ դիպուկ ու դիտարժան ռմբանետում կատարեցին։ Ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գ. Ասլանյանը և զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ներսիսյանը իսկական վարպետություն ցուցաբերեցին»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչպես տեղեկացրել էին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկած համատեղ զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը համատեղ ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:

Զորավարժության ավարտական՝ մարտական կրակի կիրառմամբ անցկացված փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՌԴ ԶՈՒ Հարավային օգրուգի հրամանատարության ներկայացուցիչներ: