Քաղաքական խոսքում բռնությունը, սպառնալիքը մերժելի են․ Արման Թաթոյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Արման

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․

«Քաղաքական խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը նույնքան բացարձակ մերժելի են, որքան ցանկացած այլ ոլորտում։

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից՝ երբ և ում կողմից է արվում կամ ում է ուղղված։

Դրանք վտանգում են մարդու իրավունքների համակարգը երկրում և խաթարում համերաշխությունը հասարակությունում։ Առանց այդ էլ վիրավորանքն ու ատելության խոսքը վտանգավոր չափերի են հասել։

Բոլորս պետք է մեր օրինակով նպաստենք համերաշխությանը, իսկ հանրային, այդ թվում՝ քաղաքական, ու հասարակական գործիչները պետք է հրապարակային խոսքում զերծ մնան ցանկացած այնպիսի ձևակերպումից, որը կարող է ընկալվել որպես բռնություն, բռնության սպառնալիք կամ անգամ բռնության հավանականություն և առաջացնել լարվածություն»։