Նոր կարգ․ գույքային փոքր վնասնով վթարի դեպքում երթևեկելի մասն ավելի արագ կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Գործադիրը որոշում կայացրեց փոփոխություններ անել «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» որոշման մեջ: Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ այս փոփոխությունը պայմանավորված է ԱՊՊԱ համակարգում ապահովագրական պատահարի մասնակից ավտոմեքենայի վարորդների կողմից թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը նաև էլեկտրոնային եղանակով լրացնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

Այսպես, պարզ և փոքր գույքային վնասներով ավտովթարների ժամանակ էապես կբարձրանա վարորդների հարմարավետությունը՝ պատահարն առավել արագ և մատչելի ինքնուրույն ձևակերպելու, ինչպես նաև վթարի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասն արագ վերականգնելու համար:

«Տրամաբանությունը պարզ է, կօգտագործվի մի հավելվածներ, որոնք կբավարարեն այն պահանջներին, որոնք կսահմանվեն բյուրոյի կողմից»,-ասաց Ջանջուղազյանը:

Նոր կարգավորումն իրականացվում է ԱՊՊԱ համակարգի էլեկտրոնայնացման և ԱՊՊԱ ոլորտում Միասնական պատուհան համակարգի ներդրման գործընթացների շրջանակում։