Բալասանյանի հարցը իրավապահ մարմինների տիրույթում է, ԱԱԾ-ում գործը քննվում է․ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

ԱՆ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցը իրավապահ մարմինների տիրույթում է, գործը քննվում է ԱԱԾ-ում։ Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ Վիտալի Բալասանյանի՝ օրերս արած հայտարարությունում հանցակազմ տեսնո՞ւմ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Իրավապահ մարմինները պետք է ճշտեն»։

Հիշեցնենք, որ օրերս Վիտալի Բալասանյանը, հարցազրույց էր տվել և հայտարարել․ «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը (նկատի ունի՝ «Սասնա Ծռեր») մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:

Լրագրողները անդրադարձան նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյանը գրառմանը, համաձայն որի՝ «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու», և հետաքրքրվել՝ ինչպե՞ս կարող էր նման բան գրել մի մարդու մասին, ում հետ հաց է կիսել։ 

«Եթե այսօր էլ ասելու լինեմ, նորից նույնը կասեմ, բայց այդ հարցը առաջինը իրեն պետք է տաք․ ինքն էլ վարչապետի հետ է հաց կիսել ու հետո հարցազրույց տվել։ Շատ կարևոր է կոնտեքստը։ Իսկ եթե դուք գտնում եք, որ ինքը սխալ է արել, ավելացնելու բան չունեմ»,-ասել է ԱԱԾ քարտուղարը։

Լրագրողները Արմեն Գրիգորյանին հիշեցրին ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանի հարցազրույցը, որի ժամանակ վերջինս ասել էր, թե ժամանակը ջնջում է փոքրերին՝ նկատի ունենալով Արմեն Գրիգորյանին։

«Դա այն դաշնակն էր, չէ՞, ում քաղաքական գործունեությունը հեղափոխությունում է ընդհատվել, բնական է, որ այդպիսի կարծիք պետք է հրապարակի։ Վիտալի Բալասանյանի ավանդը Արցախյան պատերազմում չի էլ քննարկվում։ Վերջին հայտարարությունը պետք է քննարկվի քաղաքական կոնտեքստում։ Ես էլ հեղափոխության մեջ եթե ներդրում եմ ունեցել, չեմ կարծում, որ իրավունք ունեմ օրենք խախտելու։ Կեղծ լուր վերարտադրող քաղաքական գործիչ է։ Իսկ ինձ, դասալիք անվանելով, եթե նկատի ունի, որ չեմ ծառայել, ուզում եմ հիշեցնել՝ ծառայել եմ 2003-2005 թթ․ Պաշտպանության բանակում»,-ասաց նա։