Հաստանը հաստատակամորեն մերժում է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի գործադիր կոմիտեի (ՇՀԿ ՀՏԿ ԳԿ) տնօրեն Ջումախոն Գիյոսովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ողջունել է ՇՀԿ ՀՏԿ գործադիր կոմիտեի պատվիրակությանը Հայաստանում և նշել, որ Հայաստանը հետաքրքրված է կապերի խորացման առկա հնարավորություններով։

Միաժամանակ, ԱԽ քարտուղարը հյուրերի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման վրա, որը Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Սիրիայի Հանրապետության տարածք ներխուժելու հետևանք է։ Հայաստանը վճռականորեն դեմ է արտահայտվում նման գործողություններին և կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել:

Քարտուղար Գրիգորյանը հատուկ կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ՇՀԿ ՀՏԿ գործունեության կարևորությունն այս համատեքստում։

Քարտուղարը, մասնավորապես, նշել  է. «Հայաստանը հաստատակամորեն մերժում է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով՝ անկախ դրա հիմքում ընկած պատճառներից, շարժառիթներից ու նպատակներից: Ահաբեկչական գործունեությունը չպետք է շաղկապվի և նույնականացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի կամ էթնիկ խմբի հետ»:

Ջումախոն Գիյոսովը իր հերթին ներկայացրել է իր պատվիրակության նպատակները, Հայաստանի և ՇՀԿ հարաբերությունների ներկայիս մակարդակը,  օրակարգը և նախապատրաստվող միջոցառումները։