2019 թ. կիրականացվի գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման 60 ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

2019 թվականին Հայաստանի 10 մարզում նախատեսված է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 60 ծրագիր` 90 մլն ՀՀ դրամի սահմաններում: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերիր բաժնից:

Մինչ օրս իրականացվել է 48 ծրագիր, որից 8-ը դեռևս ընթացքի մեջ է:

Ծրագրերում ընդգրկվել է 356 շահառու, նրանցից 26-ը՝ հաշմանդամություն ունեցող: Ծրագրերի շրջանակում իրականացվել են մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, միջհամայնքային, ներհամայնքային ճանապարհների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, գերեզմանատների ցանկապատման և բարեկարգման աշխատանքներ:

Ծրագրերում ընդգրկված համայնքների թիվը 47 է. 31-ը` գյուղական, 16-ը` քաղաքային: Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5000 դրամ, ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

Մեկ ծրագրի առավելագույն արժեքը 1,500.000 դրամ է: