Սիրիայի քրդերը հրետաակոծել են Թուրքիայի քրդաբնակ նահանգները․ կա 7 սպանված, 69 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սիրիա

Քրդերը պատասխանում են իրենց դեմ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը. գրում է ermenihaber․am-ը:

Սիրիայի քրդական ուժերը հրետաակոծել են Թուրքիայի սահմանամերձ քրդաբնակ Մարդին և Շանլըուրֆա նահանգները, ինչի հետևանքով 2 նահանգներում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք։

Թուրքական աղբյուրը, հղում անելով Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարությանը, տեղեկացնում է, որ հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների թիվը հասնում է 69-ի, զոհերի թիվը՝ 7-ի: Վիրավորներից 45-ը Շանլըուրֆայից են, 24-ը՝ Մարդինից: Իսկ 7 զոհերից մեկը եղել է սիրիացի երեխա:

Նախօրեին էլ քրդական ուժերը կրակ էին բացել թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարթընար շրջանների վրա:

Հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը: