Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել՝ առանց նրա մասնակցության․ Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել՝ առանց նրա մասնակցության։

«Մեզ համար ամենակարևորը Արցախի անվտանգության ապահովումն է բոլոր մակարդակներում։ Անգամ անվտանգության աննշան թուլացումը հակառակորդին գայթակղում է դիմել նոր ագրեսիայի, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ուստի, անվտանգության հարցերն առաջնահերթ են, այդ թվում՝ բանակցային գործընթացում։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, բանակցային սեղանի շուրջ։ Բայց դա անհնար է՝ առանց լիարժեք ձեւաչափի վերականգնման և Արցախի մասնակցության։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել՝ առանց նրա մասնակցության, եւ մեզ համար անհնար է վերադարձն անցյալին՝ լինի կարգավիճակի, թե սահմանների հարցը»,- ասել է Բակո Սահակյանը։

Ըստ Արցախի նախագահի՝ առաջին անգամ է տեղի ունենում Արցախի բարեկամների համաժողով, որը միավորել է քաղաքական, հասարակական գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների տարբեր երկրներից, Արցախի հետ բարեկամության խմբերի անդամների, ինչպես նաև նրանց, ովքեր ճանաչել են Արցախը կամ համագործակցում են նրա հետ։

«Դուք տարիներ շարունակ աշխատանք եք տանում աջակցության եւ միջազգային հարթակներում Արցախի մասին տեղեկատվության տարածման համար, երկկողմ հարաբերությունների և ծրագրերի իրականացման համար։ Մենք երախտապարտ ենք ձեզ և բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը, հպարտանում ձեզ հետ բարեկամությամբ»,- ասել է Բակո Սահակյանը։

Արցախի նախագահը հիշեցրել է, որ Արցախի արտաքին քաղաքականության հիմքում մնում են հավասարակշռվածության և բազմավեկտորության սկզբունքները։

«Մեզ համար կարեւոր են հավասար բարյացակամ հարաբերություններն ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ»,- նշել է Սահակյանը, ապա հավաստիացրել, որ պաշտոնական Ստեփանակերտը կշարունակի հատուկ տեղ հատկացնել առանձին երկրների, կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը՝ առաջնահերթ խնդիրների շարքում առանձնացնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը։