Արթուր Դավթյանն ընդունել է Խորվաթիայի Գերագույն դատարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Արթուր Դավթյան741

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր` հոկտեմբերի 11-ին,  ընդունել է Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաեւ ԽՀ գլխավոր դատախազի տեղակալ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, ԽՀ արդարադատության ակադեմիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը եւ այլոք:

Դատախազությունից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը եւ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Քննարկվել են դատական եւ իրավապահ համակարգերի ներկայացուցիչների վերապատրաստման, որակավորման բարձրացման ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման եւ այդ շրջանակներում արդարադատության ակադեմիաների ներուժի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կարեւորելով պատվիրակության այցը Երեւան, նշել է, որ Հայաստանում ընթացող  դատաիրավական բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաեւ խորքային փոփոխությունների եւ նորացման ենթարկել քրեական եւ քրեադատավարական օրենսդրությունը:

Այս հանգամանքը լավագույն լուծումները գտնելու տեսանկյունից առավել արդիական ու կարեւոր է դարձնում հատկապես գործընկեր երկրների համապատասխան գիտաուսումնական, փորձագիտական կենտրոնների հետ ինտենսիվ շփումները:

Ըստ Արթուր Դավթյանի, Հայաստանը եւ Խորվաթիան համակարգային լուծումների էական նմանություններ ունեն հատկապես դատավորների, դատախազների եւ քննիչների վերապատրաստման, ուսուցման գործընթացի միասնականացման առումով, որը եւս  նպաստավոր նախադրյալներ է ստեղծում գործակցության ընդլայնման,  եվրոպական փորձն ավելի օգտակար եւ կիրառելի դարձնելու համար:

Գլխավոր դատախազը հավելել է, որ անհրաժեշտ է իրավունքի զարգացման տեմպերին համահունչ կատարելագործել ոչ միայն քրաիրավական ոլորտի մասնագետների վերապատրաստումների եւ որակավորման ծրագրերն ու նյութը, այլ նաեւ ուսուցման, գիտելիքների եւ հմտությունների փոխանցման մեթոդներն ու եղանակները:

Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահԴուրո Սեսան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել Խորվաթիայում Արդարադատության ակադեմիայի հենքին դատավորների եւ դատախազների վերապատրաստման եւ ուսուցման ինստիտուցոնալ, կառուցվածքային եւ կազմակերպական առանձնահատկությունները:

Նա կարեւորել է դատավորների եւ դատախազների համար աշխատանքային եւ սոցիալական երաշխիքների միասնականացման, ինչպես նաեւ նրանց մասնագիտական զարգացմանն ուղղված ընդհանուր  դասընթացների ծրագրերի իրականացումը, ինչը բխում է նաեւ Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնարարականներից: Նա հույս է հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն այդ կառուցակարգերի ամրապնդմանը, երկու երկրների արդարադատության ակադեմիաների միջեւ տեղեկատության փոխանակման դյուրացմանը, ինչպես նաեւ համատեղ գիտագործնական ծրագրերի իրականացմանը:

Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news