Գարեգին Բ-ն կմեկնի Շվեյցարիա․ կաթողիկոսը կմասնակցի Շվեյցարիայի Կարմիր Խաչի հանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Գարեգին

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա հայրապետական այցով կմեկնի Ժնև (Շվեյցարիա), տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Շվեյցարիայի Կարմիր Խաչի նախագահ Թոմաս Հայնիգերի և Ժնևյան Կարմիր Խաչի նախագահ Մատտեո Պեդրացինիի հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. հանդեսին, որն այս տարի անցկացվելու է «Պայծառացրեք մեր տարեցների կյանքը» նշանաբանի ներքո և հավաքագրված միջոցները նպատակաուղղելու է նաև Հայաստանում կարիքավոր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին և զորակցությանը:

Նորին Սրբությունը կհանդիսապետի նաև Ժնևի Ս. Հակոբ հայկական եկեղեցու կառուցման 50-ամյակի արարողությունները:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցելու են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: