Վերջին 60 տարվա ընթացքում ամենահզոր թայֆունը շուտով կհասնի Ճապոնիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Աշխարհ

«Հագիբիս» հզոր թայֆունն արդեն այս հանգստյան օրերին կհասնի Ճապոնիա: Այն  հզորությամբ համադրելի է «Իդա» թայֆունի հետ, որը 1958 թվականին 1.200 մարդու կյանք էր խլել:

Այս անգամ օդերևութաբանները տեղումների ռեկորդային քանակություն են կանխատեսում: Մրրիկը, որի կենտրոնում քամու արագությունը կազմում է վայրկյանում 50 մետր, կանցնի Տոկիոյով և երկրի ամենախիտ բնակեցված շրջաններով: Ըստ մասնագետների՝ զոհերից խուսափել չի հաջողվի, գրում է rg.ru-ն:

Ճապոնիայի օդերևութաբանական JMA գործակալությունը նախազգուշացում է տարածել ոչ թե մեկ օր առաջ՝ ինչպես սովորաբար, այլ երեք օր առաջ, որպեսզի մարդիկ հասցնեն լքել իրենց տները և թաքնվել անվտանգ վայրերում:

Տոկիոյի բնակիչներն ակտիվորեն առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում: Առավել մեծ է խմելու ջրի ու արագ պատրաստվող լապշայի պահանջարկը:  Ճապոնիայում ՌԴ դեսպանատունը ռուսաստանցիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ճապոնիա ուղևորություններից:

«Հագիբիս» թայֆունը Ճապոնիային մոտենում է հարավ-արևելքից՝ ժամում 25 կիլոմետր արագությամբ: Ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել ավելի քան 800 չվերթ։ Երկաթուղային ընկերությունները հայտնել են, որ շաբաթ դադարեցնելու են գնացքների երթևեկությունը: