«Սիրիայի ժողովուրդը արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

պոլսի հայոց պատրիարքարան

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ:

Հայտարարության տեքստը` ստորև.

«Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում շարունակվող պատերազմական ու քաոսային իրավիճակը խորապես վշտացնում և մտահոգում է մեզ: Դժբախտաբար, խաղաղության հաստատումը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է լինում:

Մենք աղոթում ենք, որ գործողությունը, որի նպատակը ահաբեկչությանը վերջ դնելն ու երկրի սահմանների անվտանգության ապահովումն է, պատշաճ ձևով հասնի իր նպատակին և հնարավորինս շուտ անվտանգություն հաստատվի: Թող Աստված իր ողորմածությամբ պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։ Մեր եկեղեցիներում մատուցվող պատարագների ընթացքում մշտապես աղոթում ենք Թուրքիայի հանրապետության բարօրության  և բանակի համար։

Ամեն պատարագի ընթացքում աղոթում ենք, որ մեր բանակի «Խաղաղության ակունք»  գործողությունը հասնի իր խաղաղարար նպատակներին և մեր զինվոր զավականերն, իրենց ծառայությունը հաջողությամբ կատարելով, վերադառնան տուն։ Թող Աստված մեր առաջնորդներին և հրամանատարներին իմաստություն, կարեկցանք և ողջախոհություն տա։ Սիրիայի ժողովուրդը, որը ենթարկվել է ամեն տեսակի ճնշումների, ահաբեկչության, անարդարության, խոշտանգումների և տեղահանման, լիովին արժանի է արդար խաղաղության ամենալավ դրսևորմանը։ Աղաչում ենք Տիրոջը, որ նրանք, չկորցնելով հավատը արդարության, խաղաղության և լավ օրերի նկատմամբ, կարողանան հույսով նայել պայծառ ապագային։ Թող Տերը օրհնի բոլոր իրական խաղաղասերներին, երկխոսության մթնոլորտ ստեղծողներին և խաղաղության դեսպաններին ՝ անկախ նրանց կրոնից և ազգությունից»։