Սենսացիոն վերնագրեր փնտրող ԶԼՄ-ներին հիշեցնեմ՝ ժամանակները փոխվել են․ Գարիկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովից առաջ՝ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել էր, որ «ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է»: Ավելի ուշ նա իր հայտարարածի կապակցությամբ պարզաբանում էր տարածել ֆեյսբուքյան  էջում։

«Լրատվամիջոցներին տված հարցազրույցում այսօր նշել եմ, որ «ոստիկանությունը ծառայում է իշխանութությանը՝ ժողովրդին»։ Այս կապացությամբ ուզում եմ ևս մեկ անգամ մեկնաբանել, որ այսօր, այո՛, ունենք ժողովրդի կողմից ընտրված, մեծ լեգիտիմություն ունեցող իշխանություն։ Այսօր ունենք իշխանություն, որը ժողովրդից կտրված չէ, իշխանությունն այսօր հենց ժողովուրդն է։ Քանի որ իշխանությունն ընտրվել է ժողովրդի մեծամասնության կողմից, ուստի ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, ասել կուզեմ՝ ժողովրդին։

Նախկին ռեժիմի մտածելակերպը կրողներն իմ այս արտահայտության տակ փնտրում են իշխանության կամայականությունները կատարող հլու-հնազանդ ոստիկանություն, բայց այսօր իրավիճակ է փոխվել, և՝ ի պատիվ մեր ոստիկանության կառույցը ծառայում է բացառապես օրենքին, ժողովրդին։ Նոր Հայաստանում ոստիկանությունը սպասարկելու է միմիայն ՀՀ շահը։ Սենսացիոն վերնագրեր փնտրող լրատվամիջոցներին հիշեցնեմ՝ ժամանակները փոխվել են։

Հ․Գ․ Երբեմն անուղղակիորեն, շատ դեպքերում նաև՝ դիտավորյալ, վերնագիր է ընտրվում հարցազրույցից այնպիսի հատված, որով խեղաթյուրվում է ամբողջական միտքը»,– գրել է Գարիկ Սարգսյանը։