Հայ և օտարերկրացի թարգմանիչներն արժանացան «Կանթեղ» մրցանակների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Թարգմանչաց տոնի շրջանակում հոկտեմբերի 12-ին Օշականում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Ներկաները սկզբում ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կանթեղ»-ի արժանացան Ռուսաստանից Նինա Գաբրիելյանը, Լեհաստանից Կալինա Իզաբելա Զիոլան, Վրաստանից Մաղվալա Գոնաշվիլին, Ուկրաինայից Օլեքսանդր Բոժկոն, Հայաստանից Թադևոս Խաչատրյանը, Գրիգոր Ջանիկյանը և Ջուլիետ Ղազարյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ առաջին անգամ «Թարգմանչաց տոնը» նշվում է որպես միջազգային տոն: Հայաստանը հյուրընկալել է ոլորտի տասը արտասահմանյան ներկայացուցչի, որոնք հայ գրականության ինքնատիպ նմուշները թարգմանել են իրենց լեզվով` նպաստելով մեր գրականության հանրահռչակմանը:

Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը լեհերեն թարգմանած Կալինա Իզաբելա Զիոլան նշեց, որ թարգմանությունն իրականացրել է հեղինակի 150-ամյակի կապակցությամբ: «Ինձ համար դա բավականին հետաքրքիր աշխատանք էր: Հայ գրողների ստեղծագործություններում շատ է հայրենասիրությունը, սերը, իսկ ինձ համար սերը դեպի տունը, հայրենիքը, սերը դեպի բնությունը, երկիրը, մարդը ամենկարևորն է»,-ասաց նա:

Զիոլան նախկինում հայերենից լեհերեն է թարգմանել նաև Էդվարդ Միլիտոնյանի, Գագիկ Դավթյանի բանաստեղծությունները:

Ալբերտ Քամյուի, Սամուել Բեկետի և այլ հանրահայտ գրողների ստեղծագործությունները հայերեն թարգմանած արձակագիր Գրիգոր Ջանիկյանը կարևորեց այն փաստը, որ մենք թարգմանել ենք համաշխարհային գրականության հսկաների լավագույն գործերը:  «Այլ հարց է, որ պարտք ունենք օտար ժողովուրդների հանդեպ. Թումանյանին, Վարուժանին, Չարենցին պետք է հասցնենք աշխարհի մեծություններին, որպեսզի նրանց էլ կարդան այնպես, ինչպես ընթերցում են Գյոթեի, Հոմերոսի և այլոց գործերը: Ցավում եմ, որ ըստ արժանվույն չենք կարողանում հայ գրականությունը ներկայացնել արտերկրում»,-շեշտեց Ջանիկյանը:

Նա շնորհակալություն հայտնեց «Կանթեղ» մրցանակի համար և մեզ հետ զրույցում ասաց, որ երկլեզու` հայերեն, ֆրանսերեն գրքեր է հրատարակել, որոնցում ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունները:

Մրցանակաբաշխությանը ՀԳՄ մեդալներ տրվեցին Իրանից Ղավամեդդին Ռազավիզադեին, Կանադայից Ալան Ուայթհորնին, Վրաստանից Բաղաթեր Արաբուլին:

Նարեկացու անվան հուշամեդալի արժանացան Վրաստանից Մանանա Գոգիաշվիլին, Իրանից Վարանդը, Գերմանիայից Վահիդ Նադիրը, Արցախից Վարդան Հակոբյանը և Հայաստանից Ալբերտ Նալբանդյանը:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ լավագույն թարգմանիչներին շնորհվում է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» անունը կրող մրցանակ: