Սիրիայում թուրքական օդուժի ավիահարվածներից արտասահմանցի լրագրողներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հարված

«ТАСС» գործակալությունը, հղում անելով քրդական աղբյուրին, գրում է, որ սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով արտասահմանցի 3 լրագրող է զոհվել: 

Ավիահարվածների թիրախ դարձած ավտոշարասյունը սիրիական Ղամիշլի սահմանամերձ քաղաքից ուղևորվում էր Ռաս էլ Այն՝ լուսաբանելու ռազմական բախումների վայրում տիրող իրավիճակը: Ուղևորների թվում էին արտասահմանյան ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողներ՝ անգլիացի և ֆրանսիացի թղթակիցներ, ինչպես նաև տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել, սակայն զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից ոմանք ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում: