Կանգ չենք առնի, քանի չենք հասել մեր նպատակներին․ Էրդողանի մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Սիրիա

«Sabah» պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ չնայած արևմտյան երկրների հորդորներին՝ Անկարան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում: 

«Նրանք, ովքեր լռում էին, երբ Մոսուլում, Ռաքքայում և Դեր Զորում հազարավոր մարդիկ էին սպանվում, խուճապի մեջ են «Խաղաղության ակունք» գործողության հաջողությունից, և կոչ են անում դադարեցնել այն, սպառնում են Թուրքիային պատժամիջոցներով: Բայց մենք կանգ չենք առնի, քանի չենք հասել մեր նպատակներին»,- գրել է Քալընը թվիթերյան էջում:

Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին Թուրքիան հայտարարել էր դեռ հոկտեմբերի 9-ին։ Թուրքիան արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի, նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու տեղում 3-4 միլիոն սիրիացի փախստականներին բնակեցնելը: