ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստի ժամանակ որոշել է «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այդ մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը։
Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՍԴ-ն վաղ առավոտից աշխատակարգային նիստ է սկսել, օրակարգում է նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի վերաբերյալ Հրայր Թովմասյանի հետ որևէ քննարկում չի եղել:
«Հրայր Թովմասյանն արձակուրդ է ձևակերպել, նա ընդհանրապես դատարան չի գալու: Օրենքը չէր արգելում նրա մասնակցությունը գործի քննությանը, ենթադրում եմ, որ գործի քննության անաչառությունը ապահովելու նպատակով այսօր, եթե չեմ սխալվում նաև վաղը, արձակուրդում կլինի և նիստերը կանցկացվեն առանց նրա մասնակցության»,-ասել էր Գյուլումյանը: