Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրմամբ․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտեսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանում Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանան (նստավայրը՝ Մոսկվա) և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել հայ-չիլիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի:

Հայաստան-Չիլի տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնակի ընդգծվել է ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները:

Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ իր երկիրը մեծապես հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրմամբ և այս առնչությամբ բարձր է գնահատում ՀՀ դերակատարությունն ու աջակցությունը: