Շուշիում Գոհար տիկնոջ Վերին մզկիթում կգործի հայ-իրանական գիտամշակութային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

«Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Շուշիում տեղի է ունեցել Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Սատարելով  Արցախի կառավարության  նախաձեռնությունը՝  «Արևելյան   պատմական   ժառանգության  վերածնունդ»   հիմնադրամը   2014  թվականին  ձեռնարկել  է  Վերին  մզկիթի  վերականգնման    ծրագիրը, որն  իրականացվել   է  «Հայաստանի  զարգացման նախաձեռնություններ»  (IDeA)    հիմնադրամի  Արցախի  զարգացման  ծրագրի   շրջանակում:

Միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և   զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը: Նրա  խոսքով՝ Շուշիում  վերականգնվել  է  ևս   մեկ   հուշարձան, ինչի  նպատակը մշակութային բազմազանության ապահովումն է: «Իրանի   Իսլամական  Հանրապետությունում վերականգնվում են մեր  վանքերն  ու եկեղեցիները: Իրանական մշակույթի այն  հուշարձանները, որոնք  գտնվում են  Արցախի տարածքում, մասնավորապես, Շուշիում, նույնպես արժանացել են  մեր հոգածությանը, քանի որ հայ-իրանական բարեկամությունը խորն արմատներ ունի: Մզկիթը  գործելու է որպես հայ-իրանական գիտամշակութային կենտրոն: Այս  համալիրը նպաստելու է հայ-իրանական կապերի  ամրապնդմանը»,- ասել  է Լեռնիկ Հովհաննիսյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր  ելույթում նշել է, որ գիտամշակութային կենտրոնի բացման կարևորությունն այն է, որ  այն  կարող է դառնալ  իսլամական մշակույթի հետազոտման կարևոր կենտրոններից մեկը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդ ուղղությամբ       իրականացնում է մի նախաձեռնություն, որը միտված է գույքագրելու ՀՀ-ում առկա շիա   մշակույթի ցուցանմուշները, որոնք կարելի է պարբերաբար ցուցադրել Շուշիի մզկիթի  տարածքում:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Արցախի    զարգացման ծրագրերի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանն իր խոսքում շնորհակալություն է  հայտնել ԱՀ կառավարությանը, ինչպես նաև այն բարերաներին, որոնց համատեղ ուժերով  երկու տարվա  ընթացքում ծրագիրը կյանքի է կոչվել: «Մզկիթի  վերականգնումը  խորհրդանշական  է. այն  այլ  մշակույթին   հարգանքի  տուրք  մատուցելու   ձև  է: Հուսով  եմ, որ  սա  կդառնա  զբոսաշրջային  վայր: Տեղեկացնեմ, որ   ունենք  մեծ  թվով  զբոսաշրջիկներ, որոնք  անհամբերությամբ  են  սպասում    Արցախում    տեսնելու իրանական մզկիթը»,- նշել  է Սուրեն Ամիրբեկյանը:

Միջոցառմանը ներկա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանն «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ   շատ ուրախ ու շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր  ներգրավվել են այս ծրագրի  իրականացմանը: «Ծրագրի  իրականացման  մտահղացումն     առաջացել է  այն  ժամանակ, երբ  մենք  ընկերներով  հերթական  անգամ այցելել  ենք Շուշի: Շուշին Արցախի կարևոր    մշակութային կենտրոնն է, որը պետք է պահպանվի և  զարգանա: Այն, ինչ ունենք, պետք է  պահպանենք ու հարգենք մեր պատմությունը: Եթե մենք ուզում ենք, որ այլ երկրները  պահպանեն մեր մշակույթը, ապա մենք էլ պետք է պահպանենք նրանցը: Մեր հիմնադրամն  աշխատում է ամբողջ աշխարհում պահպանել հայկական արժեքներն ու մշակույթը: Ունենք  այլ  ծրագրեր, որոնք պետք է իրականացնենք ըստ հերթականության և պահանջի»,- ավելացրել է Ռուբեն Վարդանյանը:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն էլ ասել է, որ ինքը բարձր է գնահատում Շուշիում գտնվող իրանական մզկիթի  վերականգնումը: «1992 թվականի մայիսի 9-ին ես ասել եմ, որ Շուշիում և Ակնայում որևէ   մզկիթի ոչ ոք չպետք է կպնի: Սա մեր պատմության անբաժանելի  մասն  է և մենք սիրով  առերեսվում ենք մեր պատմության հետ, ի  տարբերություն հարևան երկու այլ  ժողովուրդների,  որոնք ջնջում են հետքերն այլ կրոնի կամ այլ մշակույթի: Այս մզկիթը կրոնական մշակութային  կոթող է, որը մեր դրացի ԻԻՀ ժողովուրդն է կառուցել: Նրանք մեր վանքերը պահպանում և  նորոգում են, և նույնն էլ մենք պետք է իրականացնենք: Մենք հուշարձաններ քանդող ազգ չենք»,- ավելացրել է Արցախի թեմի առաջնորդը:

Այնուհետև   միջոցառմանը    ներկա  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, հիմնադրամի   ներկայացուցիչներ  և  նվիրատուներ,  պետական   այլ  այրեր  շրջել  են   մզկիթով  և  մեդրեսեի   շենքով, որից  հետո դիտել  մզկիթի վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդես: