Ֆիննախի ԿՌՈՒ-ն այլևս անտեր չէ. Տերը Վարդան Հարությունյանի կադրն է. նա դիրքերը ամրապնդում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ֆիննախի ԿՌՈՒ-ն, վերջապես պետ ունի։ ԿՌՈՒ-ի նախկին պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց հետո մինչ օրս կառույցը ղեկավար չուներ։

Ուշագրավ է, սակայն, որ ԿՌՈՒ-ի պետ է նշանակվել Վախթանգ Սիսակյանը, ով նախկինում ՊԵԿ վարչության պետ էր։ Դրանից բացի, Սիսակյանը համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կադրը։ Նրանք անգամ համակուրսեցիներ են։

Վերջին շրջանում, առհասարակ, ուշագրավ միտում է նկատվում՝ համակարգում Վարդան Հարությունյանի կադրերին նշանակելով։ Օրերս մենք գրել էինք, որ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի նախագծի ղեկավար Վահան Հակոբյանը նշանակվել է ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության վերլուծությունների և ռիսկերի հսկողության բաժնի պետ։ Հասկանալի չէ՝ սա կադրային սովի՞ արդյունք է, թե՞ այդ ֆոնին Վարդան Հարությունյանի դիրքերի ամրապնդում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: