Պատմության մեջ հետաքննիչի բացակայությունը շատ խոսուն չէ՞․ Մելիքյանը՝ Սանասարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Դավիթ

Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանին վերագրվող վրաերթին՝ նշելով, որ այս գործով անպայման պետք է քրեական գործ հարուցվի։ Գառումը՝ ստորև․

«Հետևում եմ «Անալիտիկ» լրատվականի բացահայտման «ոդիսականին»՝ կապված Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմության հետ։

Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձեւով հերքվեր, բայց...

Եթե ինքնին լուրն անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր միայն խիստ նախնական ենթադրություն ձեւավորել, ապա տեսանյութն արդեն բավականաչափ համոզիչ էր, եւ այս պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ՝ լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ։

Մասնավորապես, պետք է քրեական գործ հարուցվի (էլ ի՞նչ է պետք քրգործի հարուցման համար) եւ դրա շրջանակներում իրավական գնահատականներ տրվեն Սանասարյանի գործողություններին՝ ինչպես ենթադրյալ վրաերթի կապակցությամբ, այնպես էլ դրանից հետո։ Ընդ որում, երկրորդն ավելի կարեւոր է. մասնավորապես, արդյոք Սանասարյանն օգտագործե՞լ է իր քաղաքական կապերը՝ վրաերթի փաստը թաքցնելու համար։ Այդ հարցի պատասխանը նաեւ պետք է գնահատականի արժանանա Սանասարյանի նկատմամբ այժմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակում խափանման միջոցի հարցի կապակցությամբ։

Շատ կարևոր է նաեւ այն, որ իշխող քաղաքական ուժի՝ լայն կապեր ու պետական մեծ աջակցություն ունեցող ներկայացուցիչը հնարավորություն չունենա իր դեմ վկայող որեւէ անպաշտպան քաղաքացու լռեցնել՝ սպառնալով քրեական կամ որեւէ այլ պատասխանատվությամբ։ Անկախ եղելությունից, այս օրինակը չպետք է նախադեպ դառնա այն մասին, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի ապօրինության դեմ բողոքողն անպաշտպան է մնում։ Ուստի հայտնում եմ ենթադրաբար վրաերթի ենթարկված տղայի ընտանիքին իրավապաշտպանական, այդ թվում՝ փաստաբանական անհրաժեշտ աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին։

Հ․Գ. Ես մի բան գիտեմ. եթե անգամ մատդ մի քիչ մեծ փուշ մտնի ու գնաս հիվանդանոց, հաջորդ օրը պարտադիր քեզ կայցելի հետաքննիչը, որը, հիվանդանոցի տեղեկացման հիման վրա, նյութեր կնախապատրաստի։ Այս պատմության մեջ հետաքննիչի բացակայությունը շատ խոսուն չէ՞»: