ԱՆ-ն պարզաբանել է պոլիկլինիկայի աշխատակիցների ազատման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

բժիշկ

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցների կողմից բարձրացված հարցերին, թե «առողջապահության նախարարի հրամանով թիվ 19 պոլիկլինիկայում մանկական բաժնի աշխատողներ են ազատվել աշխատանքից»։ 

«2017 թվականի հուլիսի 24-ին «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-ին առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է N Կ-ԲՕ-002295 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա` արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական  սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակներով:

Լիցենզավորվելուց հետո գործունեությունը սկսելուց 5 օր առաջ կազմակերպության կողմից չեն ներկայացվել կադրային փաստաթղթերը, այդ իսկ պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարարի թիվ No 2797 – Ա հրամանով կասեցվել են լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակների գործունեությունը:

Կասեցումից հետո որոշ տեսակների համար ներկայացվել են բժիշկների և միջին բուժաշխատողների մասնագիտական կրթության վկայականներ և առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի No 2975 - Ա հրամանով վերոնշյալ կասեցման հրամանի «մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական նյարդաբանական, մանկական սրտաբանական և մանկական ներզատաբանական» տեսակների մասով ուժը կորցրած է ճանաչվել:

Լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական ակնաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական վիրաբուժական տեսակների մասով կասեցումը ուժը կորցրած չի ճանաչվել, քանի որ ներկայացված մասնագետները չեն համապատասխանել լիցենզիայով նախատեսված տեսակներին, մասնավորապես` մանկական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում կարող է իրակացվել միայն մանկական մասնագետների կողմից»,- ասված է նախարարության ներկայացրած պարզաբանման մեջ։