Արտաշատի 5-րդ դպրոցում թունավորված աշակերտները կերել էին նրբերշիկով պիցցա․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

պիցա

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա ժամը 11:39-ին Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները: Այդ մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի 5-րդ դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը ժամը 15:00-ի դրությամբ հասել է 23-ի:

ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողություններ են սկսել դպրոցի ճաշարանում և պարզել, որ երեխաները կերել են Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա: Դպրոցում առկա պիցցայից վերցվել են նմուշներ, որոնք տրվել են լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ պիցցայի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում:

Դիտարկումների արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: