Ներողություն չեմ խնդրելու, վերահաստատում եմ գնահատականս․ Շարմազանովը՝ Վարդանյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

քաղաքական

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի պատրաստվում ներողություն խնդրել Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը։

Նկատենք, որ Արթուր Վարդանյանը Շարմազանովին դատի է տվել՝ պահանջելով ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտությունը։  

«Չեմ պատրաստվում ներողություն խնդրել։ Ես տվել եմ քաղաքական գնահատական և վերահաստատում եմ այն։ Զարմանալի կլիներ, որ որևէ քաղաքակիրթ երկրում որևէ քաղաքական գործիչ ներողություն խնդրեր  մարդկանցից, ովքեր համարվում են զինված խմբի պարագլուխ, ովքեր փորձել են զինված հեղաշրջում կատարել։ Ես քաղաքական գնահատական եմ տվել և երկրորդը՝ ոչ միայն իրեն, այլև «Սասնա Ծռերին»»,- ասել է ՀՀԿ նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, Էդուարդ Շարմազանովն Արթուր Վարդանյանի ազատ արձակվելուց հետո ֆեյսբուքյան գրառումն էր կատարել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկիչների հետ գործարքի է գնում: