Ոստիկանապետի պաշտոնակատարն ընդունել է Կալիֆոռնիայից ժամանած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

.

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Արդին Նազարյանին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին և նրա աշխատակազմի ղեկավար Կարո Թորոսյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց երկկողմ համագործակցությունը և դրա ընդլայնման պատրաստակամություն հայտնեց։

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ՀՀ ոստիկանությանը։ Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության արդյունավետ աշխատանքը պայմանավորված է նախևառաջ ծառայողների մասնագիտական ունակություններով, համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, ինչպես և առաջավոր փորձի կիրառմամբ։

Քննարկման առարկա դարձան Հայաստանում ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության և այլ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում հյուրերը համագործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնեցին։

Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։