Կորցրեցինք խաղային կարգապահությունը երկրորդ գոլից հետո. Գյուլբուդաղյանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայից կրած պարտությունը կապում է խաղային կարգապահության կորստի հետ:

«Առաջին կեսում գոլային պահեր ստեղծեցինք, իսկ մցակիցն ավելի վտանգավոր պահեր ունենում էր ստանդարտ դիրքերից: Երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո կորցրեցինք խաղային կարգապահությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մասնագետը:

Գյուլբուդաղյանցի խոսքով՝ բացակա ֆուտբոլիստների չխաղալն ազդեց վերջին խաղերի ելքերի վրա: «Հունաստանի և Իտալիայի դեմ խաղում դուրս ենք գալու և խաղալու ենք հաղթանակի համար»,-ասել է մարզիչը:

Եվրո-2020-ի որակավորման փուլում Հայաստանի ընտրանին հյուրընկալվելով Ֆինլանդիային պարտվեց 3:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն նոյեմբերի 15-ին՝ Երևանում ընդունելով Հունաստանի ընտրանուն: Այնուհետ, նոյեմբերի 18-ին որակավորման փուլի վերջին խաղում Պալերմոյում կմրցեն Իտալիայի հավաքականի հետ: