10 մլն. ծառ ենք տնկելու 2020-ին՝ 10 մլն. հայության միասնության համար․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Նման միջոցառումների անցկացումը շատ կարեւոր է մարդու եւ տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու եւ զարգացնելու առումով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: նա նշեց, որ ընդհանրապես, ամենասկզբից, առաջին ինդուստրիալ հեղափոխության օրերից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ. «Երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք գալիս էին փոխարինելու մարդու աշխատանքը, արհեստավորները, որոնք այդ ժամանակ բավական ազդեցիկ խավ էին, մտնում էին մանուֆակտուրաներ եւ ջարդուփշուր անում հաստոցները՝ ունենալով առաջին հայացքից շատ լեգիտիմ մտահոգություն: Մտահոգությունը հետեւյալն էր. եթե այն աշխատանքը, որ անում ենք մենք, պետք է անի հաստոցը, ի՞նչ պետք է անենք մենք, ինչով պետք է զբաղվենք, ապրենք մենք: Բայց ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողություն. Պարզվեց, որ երբ մարդու ձեռքները շատ թե քիչ ազատվում են, առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, որը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում: Հետեւաբար տեխնոլոգիաների զարգացումը ռաջին հերթին մտածողության զարգացում է»:

Փաշինյանը հավելեց, որ երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին նկատի պետք է ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը փոխում է աշխարհը. «Շատ դեպքերում ինովացիա եւ տեխնոլոգիա ասելով մարդիկ հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ, ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտքի մեջ, զարգանում է մարդու միտքը:

Այսօր ամենակարեւոր հրատապ հարցերից մեկը կապված է արհեստական բանականության հետ եւ այդ նույն վախերն առաջանում են արհեստական բանականության զարգացման հետ: Տեխնոլոգիաների պատմությունը մեզ հույս է տալիս, որ արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին ինդուստրիալ հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը, ապա նաեւ միտքը: Այն մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը, տարածք կազատի, որ մարդու մտածողությունը նոր ուղղություններ հայտնաբերի, նոր տարածքներ նվաճի:

Ես կարեւոր եմ համարում, որ ՀՀ-ում մենք կարողանանք հաղթահարել վախերը ոչ միայն տեխնոլոգիաների նկատմամբ, այլ բոլոր վախերը: Վախը ամենակարեւոր գործոնն է, որ ամենուր խոչընդոտում է զարգացումը, առաջընթացը, հաղթանակի հասնելու մեր ձգտումը: Ես հույս ունեմ, որ Գլոբալ ինովացիոն ֆորումի անցկացումը Հայաստանում մեր ժողովրդին ու մարդկությանը կօգնի հաղթահարել ու կառավարել գլոբալ վախերը: Սա կլինի գլխավոր արդյունքը, որին պետք է ձգտենք հիմա եւ առաջիկայում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Այնուհետեւ նա բեմ հրավիրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին եւ FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջանին եւ արեց մի շատ կարեւոր հայտարարություն.

«Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը ծրագրում ենք Հայաստանում տնկել 10 մլն ծառ: 10-րդ ամսի 10-րդ օրը, որը պիտի խորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի շուրջ եւ ՀՀ-ում»: