Կարեն Կարապետյանի շրջապատից հերքում են «ծաղկաձորյան» հանդիպման լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Տիգրան

«Փաստ» օրաթերթի լուրը՝ Ծաղկաձորում ՀՀ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հանդիպման մասին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին 24News-ին հայտնեցին Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատից՝ ընդգծելով, որ «այն ծայրից ծար հորինված է»:

«Կարեն Կարապետյանը և Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում չեն հանդիպել, ոչ մի ներքաղաքական հարց չեն քննարկել: Սուտ է», - հայտնեցին մեզ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստ» օրաթերթը գրել էր, թե, ըստ իր՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցման, հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որը հրավիրել են Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը, և որ քննարկման հիմնական թեման  առնչվել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին։ 

«Երկու նախկին վարչապետները միմյանց նկատմամբ բավական ջերմ են եղել եւ քննարկվող թեզերի հետ եղել են համակարծիք, ինչը մեր զրուցակիցը գնահատեց որպես զարմանալի։ Ի դեպ, տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ մինչեւ 2020-ի սկիզբ այս երկու քաղաքական գործիչները ՀՀ քաղաքական դաշտում գուցե ավելացնեն իրենց ներկայացվածությունը, իսկ թե ինչ ձեւաչափով, դեռեւս մնում է անորոշ»,-գրել էր աղբյուրը: