Կրակոցը լրիվ պատահական էր, Էդվարդն ուղղակի բզեց․ Պավել Մանուկյանը՝ ոստիկանին կրակողի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Պավել

ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննութունը հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլ: Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Պավել Մանուկյանը:

Դատարանը արձանագրեց՝ մյուս ամբաստանյալներին հարցաքննելը Շուշանյանի և  Եգորյանի պաշտպանյալների իրավունքները չի ոտնահարում։

«Հակասություններ կարող են և չառաջանալ: Եթե առաջանան, մյուս մեղադրյալներն այս պահին ունեն պաշտպաններ: Եթե առաջիկա նիստերում Եգորյանն ու Շուշանյանը կներկայանան և  հարցեր կունենան Պավել Մանուկյանին, կարող են ուղղել դրանք»,- ասել է դատավոր Մեսրոպ Մակյանը:

«Մեկ տարի երկու ամիս առաջ ցուցմունք  եմ տվել. ես պնդում եմ իմ ցուցմունքը` սպանողը Բիլյան Արմենը չի, կրակողը Արմեն Բիլյանը չի:  Բիլյանը եղել է անցագրային կետի մոտ, դա բացարձակ ճշմարտություն է: Այլ ասելիք չունեմ»,- ասել է Պավել Մանուկյանը՝ հրաժարվելով պատասխանել պետական մեղադրողի հարցերին:

Մեղադրող Պետրոս Պետոսյանը բողոքել է, թե ավելի քան 35 հարց էին պատրաստել, սակայն ամբաստանյալը չի պատասխանում ոչ մի հարցի:

Պատասխանելով ոստիկանի այրու` Հասմիկ Ոսկանյանի հարցին, թե ո՞վ է կրակել Գագիկ Մկրտչյանի վրա, Պավել Մանուկյանն ասել է, որ այդ պատահական կրակոցը եղել է Էդվարդ Գրիգորյանի կողմից:

«Ուղղակի վիրավորվել է նաև Արմեն Լաբարյանը ռիկոշետից: Ուղղակի բզել են, կրակոց է հնչել»,- ասել է Մանուկյանը՝ չհիշելով, թե քանի հոգի է եղել սենյակում, երբ հնչել է կրակոցը: 

Պավել Մանուկյանը նաև ասել է, որ կրակոցի ժամանակ եղել է սենյակում՝ Էդվարդ Գրիգորյանի կողքին: Բիլյանը եղել է զորամասի հատվածում: Արայիկ Խանդոյանը ևս  եղել է իրենց հետ: Հարցին, թե ինչպե՞ս է հնչել կրակոցը, Պավել Մանուկյանը պատմել է.

«Լրիվ պատահական է եղել, Էդվարդն ուղղակի բզեց… մենք նրան (Գագիկ Մկրտչյանին-խմբ․) օգնել ենք, վիրավոր մասը կապել, ինքն իր ոտքով հասել է մուտքի մոտ: Էդվարդն իրեն շատ վատ զգաց: Բոլորս զայրացել էինք»,-ասել է Պավել Մանուկյանը:

Հասմիկ Ոսկանյանն ասել է, որ ընդունում է, որ միամիտ կրակոց է եղել, բայց եթե այդքան անփորձ էին, ինչո՞ւ էիք նրանց տարել հեղափոխություն անելու:

«Անկախ ամեն ինչից՝ մարդու կյանք եք խլել, ձեր պատճառով որդուս վիզը ծուռ է: Հազա՜ր ամոթ, եթե պատահական է եղել: Պատահական չի եղել այդ կրակոցը, բանալին չտալու համար բա կրակո՞ւմ են: Տարիուկես նստելուց հետո՞ հիշեցիք, որ Բիլյանը չի, Էդվարդն է: Վաղը կարո՞ղ է քնեք-արթնանաք, ասեք՝ Բիլյանը չի, Վարուժանն է»,- զայրացած ասել է Հասմիկ Ոսկանյանը: