ԵՊՀ-ն կաջակցի հաշմանդամություն ունեցող իր բոլոր ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

ԵՊՀ

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ այսուհետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ԵՊՀ ուսանողներին տրամադրվելու է մասնագիտական աջակցություն:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Ալեքսանյանը ծնվել է Գյումրիում: Տեսողական խնդիր ունեցող Սյուզաննան Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցն ավարտելուց հետո հաստատ որոշել էր՝ ստանալու է բարձրագույն կրթություն և դառնալու է որակյալ մասնագետ:

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ մասնագիտությունն ընտրելիս սկզբում չէր կողմնորոշվում, բայց հետո ամեն ինչ այնպես դասավորվեց, որ իրականացավ իր ցանկությունը. «Դպրոցում շատ էի սիրում կենսաբանությունը, մտածում էի բժիշկ դառնալու մասին, բայց այդ ոլորտն ինձ համար բարդ կլիներ: Հետո մտածում էի հոգեբանության և իրավաբանության մասին, բայց դրանք էլ ինձ հոգեհարազատ չէին: Այնուամենայնիվ, սկսել էի մասնավոր պարապել հոգեբան դառնալու համար՝ հոգուս խորքում թաքուն երազելով  լեզուներ ուսումնասիրելու մասին»:

Նրա խոսքով, ուսուցիչներն էին նշում, որ օտար լեզվով բանավոր քննություն հանձնելը բարդ կլինի, պետք չէ դիմել. «Բայց եթե ես մի բան ցանկանում եմ, ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար: Ընդունելության քննություններից մեկ ամիս առաջ սկսեցի պարապել անգլերեն՝ բանավոր քննություն հանձնելու համար և այսօր սովորում եմ իմ սիրելի ֆակուլտետում: Ի դեպ, դրան նպաստել է նաև Ընդունող հանձնաժողովը. երբ գործերը հանձնելիս ասացի, որ ստիպված եմ հոգեբանությունն ընտրել, ամեն ինչ այնպես արեցին, որ ոչ թե ստիպված լիներ ընտրությունս, այլ ցանկությամբ»:

Բուհ ընդունվելիս Սյուզաննան անհանգստություններ կամ վախեր չի ունեցել. «Ես արդեն սովորել եմ մարդկանց սկզբնական արձագանքներին, դա խնդիր չէ: Բացի դրանից՝ շատ շփվող եմ, և այդ առումով խնդիրներ չեն լինում: Այսօր ես մեծ սիրով եմ գալիս համալսարան»:

Նրա փաստմամբ, հենց առաջին օրվանից իր կուրսընկերները և դասախոսական կազմը մեծապես աջակցել են իրեն. «Առաջին օրն էր, որ շատ դժվար էր, չգիտեի, թե որտեղ է գտնվում ֆակուլտետը, ինչպես գտնեի համապատասխան լսարանը և այլն, բայց մեկ ամիս անց, շնորհիվ կուրսընկերներիս և դասախոսներիս, ինչպես նաև ՈՒԽ-ի, արդեն ամեն ինչին հարմարվել էի»: