Նախարարները հանդիպել են Արենիի խաղողագործներին․ բերքի մթերման վճարումը կկարգավորվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

բերք

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել են Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի խաղողագործներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և ներակայացուցիչներ մարզպետարանից։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Խարջի» տեսակի խաղողի մթերման գնի և մթերված խաղողի գումարը հնարավորինս շուտ վճարելու վերաբերյալ: Մթերման արժեքն արագ վճարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով մթերման արժեքի վճարման նպատակով տրամադրվող սուբսիդավորվող վարկերի վերին շեմը բարձրացվում է, որպեսզի մթերող կազմակերպությունները հնարավորություն ունենան լրացուցիչ ֆինանսավորման հաշվին կարճ ժամկետում ապահովել մթերվող խաղողի դիմաց վճարումը։

Նախատեսվում է, որ վերը նշված որոշման նախագիծը կքննարկվի և կընդունվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում։