ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ամերիկահայ գործարար և բարեգործ Նուբար Աֆեյանին:
Հանդիպման ընթացքում կարևորվել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում, որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման և երկրում նորարարությունների կիրառման հարցեր: Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել արհեստական բանականությանը և Հայաստանի` այս ոլորտում առաջատար երկիր դառնալու հնարավորություններին:
Քննարկվել է նաև հայության գիտական ներուժի, մասնագիտական հմտությունների և գործարար ցանցի օգտագործումը՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման: