ՀՔԾ-ն պարզաբանում է Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերի առգրավումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

քաղաքական

Հատուկ քննչական ծառայության քննիչն այցելել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ՝ առգրավելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ կուսակցության անդամության կասեցմանը վերաբերող նյութերը: Այս մասին Ֆեյսբուքում գրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվել», - 24News-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Այն հարցին, թե Հրայր Թովմասյանն արդյոք անցնո՞ւմ է հարուցված քրեական գործով, Օհանջանյանը նշեց, որ այլ մանրամասներ ներկա պահին չեն կարող տրամադրել։ 

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ում Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու հոդվածով:
Անկախ պատգամավորը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»: