Պապիկյանը հետևել է 384․3 կմ երկարությամբ միջպետական նշանակության ճանապարհի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

Papikyan

ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է 384․3 կմ երկարությամբ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են 8 շինարարական կազմակերպությունների կողմից։

Նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարար Բագրատ Բադալյանի և ոլորտի մյուս պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է պետական ֆինանսավորմամբ վերականգնվող մայրուղու մի շարք շինարարական տեղամասերում իրականացող աշխատանքների ընթացքը, ուսումնասիրել արված հողային աշխատանքները, ջրահեռացման համակարգերի և անվտանգության էլեմենտների տեղադրումը, ճանապարհային հիմքային շերտի և նոր պատվածքի անցկացումը: Խնդրահարույց տեղամասերում կապալառուների հետ քննարկվել են հնարավոր օպերատիվ լուծումները և առաջիկա անելիքները։

Ներկայումս ընթանում են և մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն Մ2 միջպետական ճանապարհին հիմնանորոգման աշխատանքները 15․75 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում ( կմ126+100-կմ131+500, կմ139+000-կմ142+000, կմ248+000-կմ254+000, կմ278+400-կմ279+727)
Ավարտական փուլում են մայրուղու միջին նորոգման աշխատանքները 29,2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում (կմ174+100-կմ182+532, կմ190+000-կմ196+000, կմ204+400-կմ219+800):
Նշված հատվածներում նախարար Սուրեն Պապիկյանը կապալառուներին և ոլորտի պատասխանատուներին հորդորել է շարունակել աշխատանքերը որակական չափանիշներին համապատասխան և պահպանել շինարարության բարձր տեմպերը մինչև սահմանված ժամկետների ավարտը։

Պարույր Սևակ համայնքից մինչև Երասխ (Մ2 կմ 65+350-կմ77+350) 12 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում նախարարը նկատել է կատարված աշխատանքների որակական առաջընթացը։ Տվյալ հատվածում հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին, սակայն ընկերության ներկայացուցիչների խոսքերով ճանապարհի ասֆալտապատումը հնարավոր կլինի ավարտել նախատեսված ժամկետից շուտ՝ այս տարի։

Նույն ժամկետներում նախատեսվում է ավարտին հասցնել նաև Մ2 (կմ126+100-կմ131+500) Չիվա-Արենի ճանապարհահատվածում ընթացող հիմնանորոգման աշխատանքները, որոնք դիտարկելիս կապալառու «Խաչհար» ՍՊԸ-ի կողմից բարձրաձայնվել են շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Նախարարը պատասխանատուներին հորդորել է առանձնակի ուշադրություն դարձնել ջրահեռացման համակարգի կառուցման և հիմքային շերտի ամրությունն ապահովելու վրա և հույս հայտնել, որ եղանակային բարենպաստ պայմանների առկայությունը թույլ կտա այս հատվածում ևս աշխատանքներն ավարտել պլանավորվածից շուտ։

2020թ․ շահագործման ենթակա ճանապարհահատվածներից Քաջարանից Մեղրի տանող 9,5 կմ երկարությամբ Մ2 կմ354+520 –կմ 364+000 հատվածի վերին ծածկի ասֆալատապատումը ևս կիրականացվի այս տարի։
Նշենք, որ արդեն իսկ ավարտված են 8.2կմ երկարությամբ Սիսիան-Գորիս (Մ2 կմ219+800-կմ228+000 հատվածի) միջին նորոգման աշխատանքները և Մ-17, Մ-2-Կապան-Ծավ-Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ և 28-րդ կմ-ում սողանքային հատվածի վերականգնման աշխատանքները։

Այցի ընթացքում նախանշվել և դիտարկվել են նաև այն ճանապարհահատվածները, որոնք ընդգրկվելու են 2020թ․ ճանապարհաշինական ծրագրերում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news