ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Ոստիկանությունն ուսումնասիրում է Analitik.am կայքի լրագրողին և օպերատորին այսօր, հոկտեմբերի 17-ին կառավարության դիմաց քաղաքացիներից մեկի կողմից դանակ ցույց տալու հանգամանքը, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը։
24News-ն այս մասին տեղեկացավ ոստիկանության լրատվության բաժնից, որտեղից նաև տեղեկացրին, որ լրագրողն ու օպերատորը տեղում դիմել են ծառայություն իրականացնող ոստիկաններին, սակայն չեն համաձայնել վերջիններիս հետ գնալ բաժին և հաղորդում տալ։
Հիշեցնենք, որ Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «լրագրողը տեղյակ է պահել ոստիկաններին, որ քաղաքացու մոտ դանակ կա, սակայն ոստիկանները ցուցաբերել են անգործություն, ոչինչ չեն արել՝ ասելով, որ եղածն ընդամենը «խոհանոցային» դանակ է»: