Հերթական սադրանք Արցախի սահմանին՝ կազմակերպված Բաքվի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Արցախ

Ադրբեջանը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս փորձում է իմիտացիա ստեղծել, թե հասարակությունն իշխանությանն ամեն կերպ դրդում է ռազմական գործողությունների: 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով համացանցում երեկ տարածված տեսանյութին, ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: 

Նշենք, որ երեկ Facebook-ի օգտատեր Ալեն Ղուլյանը մի տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվում դեպի Արցախի սահման և փորձում հատել այն:

«Երեկվա ակցիան Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հերթական սադրանքն էր, որի կազմակերպչական, տեղեկատվական բաղադրիչն ամբողջությամբ կառավարվում էր իշխանությունների կողմից: Հավաքի մասնակիցներն ինչպես հրահանգով եկել էին մերձսահմանային հատված, այնպես էլ՝ նույն ազդանշանով վերադարձան իրենց բնակավայրեր»,- նշեց Աբրահամյանը:
Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ ադրբեջանական կողմի այս քայլերն ու դրան ուղեկցող հայտարարությունները պարզորոշ ձևով ցույց են տալիս՝ ի հեճուկս միջնորդների կոչերրին՝ հասարակություններին նախապատրաստել խաղաղության, Ադրբեջանը ճիշտ հակառակն է անում: