Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարները կխորացնեն համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեին:

Նախարար Բադասյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր մակարդակներում սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել բարեկամ ժողովրդին Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու կապակցությամբ:

Ռուստամ Բադասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահությամբ անցկացված «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին քննարկված հարցերն ու նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և անդրադարձել փոխադարձ իրավական օգնությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին համագործակցությունն ու շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: