Կա՛մ ԵԱՏՄ երկրները միասին կհամտեսեն մեծ տորթը, կա՛մ մեզ կուտեն առաձին-առանձին. Կարագանով

ԵՐԵՒԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Sergey Karaganov
24News-ի զրուցակիցն է ՌԴ Բարձրագույն տնտեսական դպրոցի Ազգային հետազոտության ինստիտուտի համաշխարհային քաղաքականության և համաշխարհային տնտեսության ֆակուլտետի դեկան, քաղաքագետ Սերգեյ Կարագանովը։ Մեր լրատվամիջոցի հետ զրույցում նա անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության ներկա իրավիճակին ու զարգացման հեռանկարներին։ 

-Սերգեյ Ալեքսանդրի, եկեք խոսենք ԵԱՏՄ-ից։ Մոտ երկու շաբաթ առաջ Երևանում տեղի ունեցավ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որտեղ բարձրացվեց շատ կարևոր հարց՝ Միության անդամ երկրների տնտեսական ինտեգրացիային խանգարող խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը։ Այս մասին նաև խոսեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Հիմա, ի՞նչ է անհրաժեշտ մեր միության մեջ առկա այս խնդիրները հաղթահարելու համար։ 

-Կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել դատական մարմիններ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և ԵՏՀ նախագահին կամ այլ որևիցե մեկին օժտեն որոշումների կատարումն ապահովելու մեխանիզմներով։ Անգամ պետք է հնարավորություն տալ աստիճանաբար մտցնել տուգանքների ինստիտուտ՝ ԵԱՏՄ որոշումները չկատարելու համար։ Սա, իհարկե, երկրորդ փուլն է՝ բավական երկար ու դժվար ճանապարհով, բայց սրան մենք մի օր պետք է հանգենք։ Հակառակ դեպքում, անընդհատ խախտումները կարող են, իհարկե, նվազագույն օգուտ բերել մասնավոր ընկերություններին, բայց դրա հետ մեկտեղ մեծ վնաս են հասցնում մեր երկրների տնտեսություններին։ Ընդհանրապես, վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում աստիճանաբար պետք է մտցվեն որոշումների կատարումն ապահովող մեխանիզմներ։ 

-Հնարավո՞ր է, արդյոք, ԵԱՏՄ անդամ երկրներին ներշնչել այն գաղափարը, որ ազգային տնտեսությանը եկել է փոխարինելու միութենական տնտեսությունը։ 

-Մենք դեռ շատ երիտասարդ կապիտալիստներ ենք, և բոլորի մոտ կա նախ և առաջ ցանկություն «վերցնել ու փախչել», իսկ հետո էլ առկա է ինքնիշխանության հնարավոր   կորստի վախ։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ ԵԱՏՄ-ի հիմնական առավելությունը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական է։ ԵԱՏՄ-ն ամրացնում է մեր երկրների սուվերենիտետը։ Պետք է այս ուղղությամբ բացատրողական աշխատանք տարվի։ Այլ տարբերակ գոյություն չունի՝ կամ մենք միասին «մեծ տորթ կհամտեսենք», կամ մեզ «կուտեն» առանձին-առանձին։ ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտը ստանում են հենց փոքր երկրները այլ ոչ թե Ռուսաստանը։ Ես անգամ լավ գիտեմ, որ Ռուսաստանում շատերը պարբերաբար հարց են տալիս՝ «մեր ինչի՞ն են պետք նրանք»։ Բայց նրանք՝ մեր գործընկերներն ու հարևանները մեզ անհրաժեշտ են  «երկար խաղի» համար։ 

Սերգեյ Ալեքսանդրի, իսկ դուք ի՞նչ եք մտածում։ ԵԱՏՄ-ն զուտ տնտեսակա՞ն կառույց է, թե այս միությունը կարող է նաև իր առջև այլ նպատակներ դնել։ 

-Բնականաբար, սկզբից այն երկրների ղեկավարները, որոնք նոր են ձեռք բերել անկախություն, փորձում են խուսափել Միության մեջ քաղաքական կամ մշակութային տարրեր մտցնել։ Սա կոչվում է «մանկական հիվանդություն»։ Ես պնդում եմ՝ ԵԱՏՄ-ն, չնայած տնտեսական բնույթին, խորը քաղաքական կառույց է, որը բերում է հսկայական քաղաքական դիվիդենտներ այն երկրներին՝ ամրացնելով  նրանց հնարավորությունները։ Որպես օրինակ՝ քվեարկության ընդունված ձևը՝ մեկ երկիրն ունի մեկ ձայն, որը հավասարեցնում է և՜ Հայաստանին և՜ Ռուսաստանին՝ այս կերպ տալով հավասար հնարավորություններ ազդել քաղաքականության վրա։ Ընդ որում՝ ազդել հարևան ավելի հզոր երկրի քաղաքականության վրա։ Հենց սա է ավելի ամրապնդում ԵԱՏՄ անդամ երկրների սուվերենիտետը։ Եվ, վերջապես, ԵԱՏՄ անդամ լինելը հնարավորություն է տալիս ավելի լավ քաղաքական ու տնտեսական դիրքերից հանդես գալ այլ հարևան երկրների հետ հարաբերություններում։ Օրինակ, ի՞նչ կլիներ Ղազախստանի կամ Ղրղզստանի հետ, եթե նրանք միայնակ մնային ընդդեմ Չինաստանի։ Նույն վերաբերվում է նաև Հայաստանին՝ Թուրքիայի հետ, կամ Բելառուսին՝ Եվրամիության և  նույնիսկ միայն Լեհաստանի հետ հարաբերություններում։ Այս օգտակարության գիտակցումը պետք է մտնի մեր մեջ։ Վաղ թե ուշ մեր ինտեգրացիոն միությունը պետք է հնարավորություն տա ստանալ նաև մշակութային բնույթ։ Սրանից առավել կօգտվեն փոքր երկրները։ Պատկերացնում եք, թե ի՞նչ է նշանակում Հայաստանի համար մտնել ռուսական կամ այլ երկրների շուկաներ։ Սա մի քանի հարյուր անգամ մեծացնում է, օրինակ, կինոգործիչների կամ նկարիչների հնարավորությունները ։ Կամ նույն ղազախական մշակութային միջավայրը մեծապես կտուժի, եթե հնարավորություն չունենա դուրս գալ ռուսալեզու հսկայական տարածք։ Ռուսաստանն էլ, բնականաբար, կտուժի, եթե իր մշակութային կյանքն առանձին զարգանա հարևաններից։ Չէ որ բազմաթիվ տարիներ այս երկրների մշակույթը ռուսական մշակույթի մի մաս է եղել։ Պետք է մտածել նաև կրթական հնարավորությունների մասին։ Եթե մենք այս առումով չհամագործակցենք, քսան տարի հետո կրելու ենք չինական կամ արևմտյան մշակույթ։ Ամենայն հարգանքով չինական կամ արևմտյան մշակույթի հանդեպ, չեմ կարծում որ այդպիսի զարգացումներ մեզ անհրաժեշտ են։ 

-Մոտ անցյալում հանդիպում տեղի ունեցավ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանի միջև, որի ժամանակ Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծեց Սարգսյանի դերը Եվրասիական տարածքում որոշումներ կայացնելու հեշտացման առումով։ Ինչ եք կարծում՝ այս խոսքերը նշանակում են, որ մոտեցել է պահը, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունները պետք է մեծացնել։ 

-Իհարկե, անհրաժեշտ է մեծացնել։ Ոչ միայն ԵՏՀ-ն, այլ նաև ԵԱՏՄ-ն ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ Մեդվեդևը նաև ի նկատի ուներ, որ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենաարդյունավետ ղեկավարներից է։ Նա հրաշալի կրթություն ունի և տիրապետում է տպավորիչ դիվանագիտական հմտությունների։ Սարգսյանը կարողանում է բազում խնդիրներ լուծել՝ առանց հասցնելու դրանք հակադրման։ Ես այնպես եմ հասկանում, որ Տիգրան Սուրենին ռոտացիայի պատճառով թողնում է իր պաշտոնը, բայց ես հույս ունեմ, որ ինքը կմնա մեր Միության կայացման մեջ իբրև բացառիկ դերակատարություն ունեցող անձնավորություն։