Ե՞րբ է վարչապետը բացահայտելու՝ ո՞վ է աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Լիդիան

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը եւ անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018 թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը: «Լիդիան Արմենիայի» հայտարարությունը՝ ստորև.

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018 թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որեւէ գործողություններից մինչեւ ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:

ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչեւ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է  հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:

«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտանակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է. «Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են եւ նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը եւս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու եւ շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաեւ ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»: 

«2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որեւէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել եւ պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաեւ կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները եւ վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետեւ Վարչապետը տարբեր առիթներով եւս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչեւ այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»: 

«Վարչապետը նաեւ մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ «մրցակից հանքարդյունաբերական ընկերությունները» եւ այլոք աջակցում են ապօրինի շրջափակողներին: Այժմ պարզվում է, որ նման աջակիցներից առնվազն մեկը եղել է նաեւ ՀՀ կառավարության կազմում:

ՀՀ կառավարությունը թույլատրել է Ամուլսարի ծրագրի շարունակական ապօրինի շրջափակումը 2018 թ. հունիսից եւ չի ապահովել դատարանի վճիռների իրականացումը, որոնք հաստատում են «Լիդիանի»՝ Ամուլսարի տարածք մուտքի օրինական իրավունքը: Ե՞րբ է Վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին եւ ե՞րբ է Վարչապետը քայլեր ձեռնարկելու օրենքի գերակայությունը վերականգնելու համար»: