Օհանավանում կրակել են շանը. 32-ամյա քաղաքացին էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ քունքագագաթային շրջանի փոքր ջնջխված վերք, վերքի խոռոչում օտար մարմնի առկայությամբ ոսպանման մետաղական բեկոր, ձախ ուսահոդի քերծվածք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Օհանավան գյուղի իր տան բակից և նա նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Սյուզաննա Խ.-ն է:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ անձը Օհանավան գյուղի 6-րդ փողոցի փակուղիներից մեկի տան հարևանությամբ իր մոտ եղած որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել շան ուղղությամբ, ինչի հետևանքով կոտորակները պատահաբար դիպել են բակում գտնվող Սյուզաննա Խ.-ին: