Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ մինչև 2030թ․ մնալու եմ, չմնաց․ ճգնաժամը լուծվելու է օրենքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց՝ ՀՀ-ում եթե որևէ մեկը որևիցե օրենք չի խախտել, մտածելու բան չունի։

«Հիշու՞մ եք, որ երբ Մանվել Գրիգորյանի դեպքն եղավ, ՀՀԿ-ականներն ասում էին, թե քաղաքական հետապնդում է հերոսի նկատմամբ, հիմա նույնն ասում են Հրայր Թովմասյանի պարագայում․ նույն կինոյից է»,-ասաց նա։ 

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հենց հիմա Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հրավիրելը, հայրական տուն այցելելը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Տարօրինակ բան չկա, իրավապահները գործում են իրենց լիազորությունների սահմաններում, իսկ թե դա ինչի հետ կհամընկնի, կապ չունի»,-ասաց նա։

Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Հրայր Թովմասյանի անցյալին, նշեց, որ վերջինս եղել է պատգամավոր և ընդամենը ՀՀ 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն գրելու համար անցել է փողոցը և դարձել ՍԴ նախագահ։

«Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ մինչև 2030թ․ մնալու եմ, չմնաց․ ճգնաժամը լուծվելու է օրենքի սահմաններում։ Հրայր Թովմասյանը հիմա իրեն դրել է ամենապարկեշտ գործչի տեղը, բայց ով չգիտի, թե ինչի համար է ստացել այդ պաշտոնը»,-ասաց նա։