Նոյեմբերին Հայաստան կգան աշխարհահռչակ մենակատարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

dasakan

Հայաստանում կհյուրընկալվեն դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը,ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և բազմաթիվ այլ մեծանուն մենակատարներ ելույթ կունենան Երևանում դասական երաժշտության սիրահարների համար՝ նոյեմբերի 1-9 անցկացվելիք «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում։ Փառատոնը համախմբելու է նաև մեր օրերի հայտնի կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյանին, Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն և Կառլ Ջենկինսին։ 

Փառատոնի շրջանակներում իրենց կատարումներով հանդես կգան նաև ջութակահար Ջու-Յոնգ Բիքը, թավջութակահարներ Գիեդրե Դիրվանաուսկայտեն, Կլաուդիո Բոհորքեսը, Վիկտոր Ժուլիեն Լաֆերիերը, դաշնակահարներ Ռեմի Ժընիեն, Ինգոլֆ Վունդերը, Ռոբերտո Կոմինատին, Կոնստանցիա Պրինչիպեն, Դարիա Չայկովսկայան։ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կներկայանա կոմպոզիտորներից յուրաքանչյուրին նվիրված առանձին երեկոյով, որի ընթացքում կհնչեն հեղինակների լավագույն սիմֆոնիկ ստեղծագործությունները։ 

Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվների. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ» դպրոցի երգչախումբը։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։