Սահմանադրական ջրափոսն ու լողացող կառավարումը

ԵՐԵՒԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Հրայր Թովմասյան Նիկոլ Փաշինյան
«Պետությունը մարդու ամենակատարյալ ստեղծագործությունն է»

Հեգել

Սահմանադրական դատարանը մերժեց վարույթ ընդունել պառլամենտի դիմումը և մնաց պաշարված ամրոցի տեսքով` իշխանությանը թողնելով փնտրտուքների մեջ: Պետության վերին դատական համակարգը պահպանեց իր սոլիդարությունը յուր ղեկավարի նկատմամբ, ում հետ գտնվում է նույն քաղաքական և իրավական հարթության մեջ և դուրս մնաց 2018 թ.ից հետո ստեղծված նոր իրավիճակի տրամաբանությունից: Հաջորդիվ իրավապահները մտան Հրայրենց տուն:

Իշխանությունը ունի չորս տարբերակ.

I) Կոչով շրջափակել ՍԴ շենքը, որի էֆեկտը զրոյական կլինի, քանզի Սահմանադրականի անդամները կորցնելու բան չունեն ու չեն ենթարկվի ճնշման ազդեցությանը:

II) ՍԴ ղեկավարի հետ փորձեն պայմանավորվել, սակայն այս ճանապարհը չի օգտագործվում, վառ ապացույց՝ ԵՊՀ - ի հետ կապված տևական վիճակն ու դրանից ելնող «բարդակը» համալսարանում, ինչպես նաև ցանկության և եզրերի բացակայությունը:

III) Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցում ու խորացում` իր բոլոր հետևանքներով:

IV) Սահմանադրության փոփոխության նախագծի արագ կազմում և շուտափույթ հանրաքվե, որոնք իրենց արագության մեջ չեն կարող ցանկալի ժամկետը ապահովել:

Հրայրը, իհարկե, ոչ թե հաստ արմատ, այլ ճյուղ է և ուշ թե շուտ կկոտրվի, հարցը Նիկոլի սխալների և բացթողումների համառ շարունակականության մեջ է: Պայքարի մեջ մեջքիդ հետևում իրավունք չունես մրցակից կամ ուսերիդ շնչող իրավիճակ թողնես: Նրանք իրենց ձայնն անպայման կհանեն, և սա իմանալը ռազմավարական պարզ այբուբեն է, չկիրառելը` ստրատեգիական ինքնագիտակցականի բացակայություն: Մինչ օրս ընդիմադիր գործիչ Նիկոլը մեծ առավելություն ունի պետական գործիչ Փաշինյանի նկատմամբ: Հարցերը պետք էր լուծել հենց սկզբից ու միանգամից` հարվածել բոլոր ճակատներով, երբ դրա համար անհրաժեշտ ուժն ու մթնոլորտը կար, և Սահմանադրության փոփոխության նախագիծը, ըստ ինձ անցներ դեպի կիսանախագահական կամ լիակատար նախագահական սիստեմի, որը նաև առաջարկում էր նախագահ Տեր-Պետրոսյանի թիմը։ Դրանով մեկ կրակոցով երկու թիրախ կխփվեր, և առջևում ունենալով նոր` գլխավոր ընտրություն,  իշխանությունն ավելի զգոն կլիներ և արդյունավետ, պետությունն էլ դուրս կգար սահմանադրական ճգնաժամից, որի մեջ գտնվում է 2018թ. գարնանից` իջնող ու բարձրացող էսկալացիոն ընթացքով: Ի վերջո այս տխրահռչակ իրավական փաստաթուղթը, նույն Հրայրի գլխավորությամբ կազմած, եղավ Սերժ Սարգսյանի և այն ժամանակ իշխող ուժի իրավական անկման պատճառը` թույլ չտալով մանևրելու, ու շարունակում է խանգարող դեր խաղալ: Այս սահմանադրության տեսակն ու բովանդակությունը չեն բխում պետության շահերից, և Փաշինյանն ու մյուս գործիչները քիչ չեն անդրադարձել դրան` ենթարկելով քննադատության: Սահմանադրության դուրեկանություն ունեցող հատվածները զգոնություն թուլացնելու հատկանիշներ ունեն` նրանց օգտակարությունը թվացյալ է, իսկ վտանգները ավելի մեծ:

Ակնհայտ է մեկ բան. Նիկոլ Փաշինյանին նոր զինակիցներ և դաշնակիցներ են պետք, որոնք կստանձնեն համապատասխան ոլորտների կոշտ կառավարումը և որակային բարելավում կտան պետության կառավարմանը, հետաքրքրություն կմտցնեն դաշտում, քանի որ եղած թիմը իրեն սպառել է՝ տալով մաքսիմումը, որն էլ առանձնապես մեծ չէ: Վարչապետին իրենից առանձին և ինքնուրույն դաշնակիցներ են պետք, որպեսզի նրանց հետ ունեցած քաղաքական հակադրությունը զգոն պահի իրեն և բանավեճով ապահովի դեմոկրատիայի զարգացող ընթացքը ու գտնի ճշմարիտ տարբերակները, իսկ պետական շահի ընդհանրությունը օգնի իրավիճակներ հաղթահարել: Չի կարելի քաղաքական կլիման անդադար պահել միայն նախկինների և նորերի բախման տիրույթում և անընդհատ պոպուլիզմի էգոն սնող սնունդ ու ռեյտինգը բարձր պահող լիցքեր փնտրել: Պետք է կասեցվի նախկին գաղջի կողմից պետական կյանքի երակների մեջ թույն թափելու պրոցեսը` քաղաքական, քարոզչական, իրավական ճանապարհներով կամ այն ձևով, որը այդ սեգմենտի համար հասկանալի է:

Րոպե շուտ անհրաժեշտույթյուն կա երրորդ ուժերի առաջ գալուն` մթնոլորտին թարմ արյուն տալու, դաշտում օրակարգ ձևավորելու, ներքին պայքարը հետաքրքրացնելու ու արտաքին դիմադրողականությունը մեծացնելու համար:

Պետություն կառավարելը, այն էլ նոր որակի ու բովանդակության կերտման խոստումով, շատ լուրջ բան է: Ինչպես Վանո Սիրադեղյանն է ասում. «Երբ բերանը չափ չի ունենում, ոտքերը ամեն պահի պիտի պատրաստ լինեն ծլկելու։ Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես ( «Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն» ):

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան