Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել «Կոշ» ՔԿՀ-ի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հոկտեմբերի 16-ին եւ 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալները «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ իրացնելով, հիշյալ քրեակատարողական հիմնարկի մոտակայքում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով մեքենաներով հանդերձ բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգվածներ։ Ավտոմեքենաներից մեկի զննությամբ էլ հայտնաբերվել են դարձյալ դեղնականաչավուն մանրացված-չորացված տարբեր քաշերով զանգվածներ։ Դրանք առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։