ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ Կրասնոյարսկի Կուրագինսկի շրջանում ոսկու հանքի ամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել, 19 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։ 13 հոգու ճակատագիրն անհայտ է: Ամբարտակի փլուզման հետևանքով հեղեղվել են երկու ժամանակավոր հանրակացարան, որոնցից յուրաքանչյուրում եղել է մինչև 40 մարդ: Դեպքի վայրում փրկարարական ու որոնողական աշխատանքները շարունակվում են։
Մարզպետ Ալեքսանդր Ուսը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ հոկտեմբերի 21-ը Սգո օր է հայտարարվում Կուրագինի շրջանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին: Այսօր Կրասնոյարսկի երկրամասի բոլոր քաղաքներում և շրջաններում դրոշները իջեցվելու են։