ԱՆ-ն հերքում է վարակված ներարկիչներ՝ Հայաստան ներմուծելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օգտատերերից մեկի այն գրառմանը, համաձայն որի, վարակված ներարկիչներ են բերվել Հայաստան։ Ըստ գրառման, այդ ներարկիչները տեղադրվել են բանկոմատներում և հասարակական տրանսպորտի նստարանների մեջ

«Սիրելի գործընկերներ,

Ֆեյսբուքում օգտատերերից մեկը մի նյութ է տարածել հետևյալ բովանդակությամբ. «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հաղորդում է. բանկոմատներում սկսել են ասեղներ հայտնվել: Խնդրում ենք, եղեք չափազանց ուշադիր, զգույշ: Հասարակական տրանսպորտի բոլոր նստարանները ուշադիր զննեք, նոր նստեք, որ հանկարծ ասեղի վրա չնստեք, քանի որ դրանք իրենցից վտանգ կարող են ներկայացնել»:

Հայտնում եմ, որ նյութի ամսաթիվը հին է և մեր երկրի հետ որևէ կապ չունի:

Մի քանի անգամ օգտատերին խնդրել ենք հեռացնել ապատեղեկատվությունը, սակայն նա շարունակում է տարածել` անհասկանալի պատճառներով»,-գրել է խոսնակը։