Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

քաղաքական

Հոկտեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում ունեցավ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի (ՀԲ) թիմի հետ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն, աղետների ռիսկի կառավարման ավագ խորհրդատու Ադամ Մքալիստերը, ՀԲ ծրագրերի համակարգող, ենթակառուցվածքների գծով խորհրդատու Նորա Միրզոյանը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով հյուրերին` բարձր գնահատեց ԱԻՆ-ի և համաշխարհային բանկի փոխգործակցությունը, հատկապես կարևորելով արդեն իրականացված համատեղ ծրագրերը:

ԱԻՆ-ը և Համաշխարհային բանկն արդեն ունեն համագործակցության փորձ Հիդրոմետ և Սեյսմիկ ոլորտներում:

Համաշխարհային բանկի աջակցությամբ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում Հիդրոմետ ծառայությունում տեղի են ունեցել աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:

Սեյսմիկ ոլորտում 2016-2018 թթ. Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ՝ Միջազգային կոնսորցիումի կողմից կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման 1:500000 մասշտաբի նոր քարտեզ, որի իրականացման աշխատանքներին ներգրավված է եղել նաև ԱԻ նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը: Այդ նոր քարտեզի օրինակը տրամադրվել է նաև Քաղաքաշինության կոմիտեին:

Կոնսորցիումի կողմից կազմվել և ներկայացվել են նաև ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման արդիականացված քարտեզներ՝ երկրաշարժերի կրկնելիության տարբեր ժամանակահատվածների և ուժգնության տարբեր հավանականությունների համար, ինչը գիտական և տեղեկատվական հիմք է ծառայում սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի վերանայման և արդիականացման համար:

Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում կարևորեց աղետների ռիսկի գնահատման և կանխարգելման կարողությունների զարգացումը, որին պետք է միտված լինի նաև Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Փրկարար ծառայության կարողությունների, անձնակազմի պատրաստվածության և շենք շինությունների վիճակի վերաբերյալ: Նախարար Ցոլակյանը նշեց, որ 64 հրշեջ-փրարարական ջոկատներից 32-ն արդեն գտնվում են վերանորոգման և արդիականացման փուլում:

Նախարար Ցոլակյանը խոսեց նաև հրշեջ-փրկարարական ջոկատների անբավարարության խնդրի մասին: Ըստ ուսումնասիրությունների՝ օրինակ Երևանում, 12 հրշեջ-փրկարարական ջոկատների փոխարեն անհրաժեշտ է նվազագույնը 20 հրշեջ-փրկարարական ջոկատ՝ քաղաքի սպասարկումը պատշաճ իրականացնելու համար:

Աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն նույնպես բարձր գնահատեց ԱԻՆ-ի հետ համագործակցությունը: Տաֆաձվա Դուբեն պատրաստակամություն հայտնեց գարնանը, ՀԲ-ի ուսումնասիրություններից հետո, ներկայացնել ԱԻՆ կարիքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և երկարաժամկետ հեռանկարում առավելագույնս օժանդակել խնդիրների լուծմանը:

Համաշխարհային Բանկի առաքելության նպատակն է իրականացնել արտակարգ իրավիճակներում արձագանքելու և օպերատիվ պատրաստվածության ազգային կարողությունների նախնական գնահատում, հույժ կարևոր ենթակառուցվածքներին վերաբերող քաղաքականությունների և ծրագրերի գույքագրում, ինչպես նաև համաձայնության գալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու և կարևոր կառույցների տեխնիկական գնահատման շուրջ: