Ոստիկանություն բերման ենթարկված հետախուզվողի պայուսակում ափիոն է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 19-ին, ժամը 17․30-ին, Ծերենցի փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել հունիսի 28-ից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 46-ամյա տղամարդը։

Անձնական խուզարկությամբ՝ նրա սպորտային պայուսակից հայտնաբերվել է շագանակագույն ու սպիտակ հեղուկով լցված 1-ական և չօգտագործված 4 ներարկիչ, «Դարնիցայի» ու «Ցիկլադոլի»՝ 3-ական և «Ցիտրամոնի»՝ 10 հաբ, դեղի սրվակում սպիտակ փոշենման զանգված, բամբակ, մոխարացած հետքերով շերեփ, կպչուն ժապավեններ և 17 սմ երկարությամբ դանակ։
Տղամարդը հայտնել է, որ ներարկիչի շագանակագույն զանգվածն ափիոն տեսակի թմրամիջոց է։

Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է քննություն։