Օսիպյանի կադրերը հեռանում են. ասպարեզ են գալիս ոստիկանապետի կուրսեցիները. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

.

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել Վալերի Օսիպյանը։

Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, եւ երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։

Սմբատյանին նշանակել են քրեական հետախուզության վարչության պետ։ Շաբաթ օրը մարզային ոստիկանության 2 վարչությունների՝ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի պետերն էլ են ազատվել, երեկվա դրությամբ նրանց տեղը դեռ թափուր էր։

Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը որոշել է ազատվել իր նախորդի կադրերից եւ առանցքային պաշտոնները համալրել յուրայիններով։ Մի քանի օր առաջ էլ ազատվեց Արագածոտնի մարզային ոստիկանապետը, եւ նշանակվեց ԺՊ-ի կուրսեցի Վահան Աղգաշյանը։ Սյունիքի մարզային վարչության պետ  Գեւորգ Ազիզյանը նույնպես, ըստ տեղեկությունների, նրա կուրսեցին է։

Ոստիկանության լրատվականից հաստատեցին Ռոբերտ Սմբատյանի՝ այլ պաշտոնի նշանակվելու լուրը, իսկ թե ինչով են պայմանավորված համակարգում վերջին փոփոխությունները, պատասխանեցին, որ «մշտապես կադրային տեղաշարժեր են կատարվում՝ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում