Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը 30 %-ով կբարձրանա. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Բադասյան

Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է Քրեակատարողական ծառայության 100-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Վերջինին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը,  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քրեակատարողական ծառայության ներկա և նախկին աշխատակիցներ, այլք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և, դիմելով նրանց, նշել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իրավիճակը պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում քրեակատարողական համակարգում առկա խնդիրները և հետևողականորեն ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը: «Վստահեցնում եմ նաև, որ քրեակատարողական համակարգի աշխատակիցների սոցիալական ապահովության և պաշտպանության արդյունավետ երաշխիքների հետևողական կատարելագործումը գտնվելու է Կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նախարար Բադասյանը, շնորհավորելով Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին, շնորհավորանքի խոսքն ուղղել է նաև համակարգի վետերաններին, որոնք ծառայության կայացման հարցում իրենց անգնահատելի ավանդն են ունեցել և շարունակում են աջակցել հարազատ համակարգին։  Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նոր Հայաստանը Քրեակատարողական ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել։

«Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացման, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամրապնդման հնարավորությամբ: Մեր առջև դրված նպատակին հասնելու համար ձգտելու ենք միջազգային լավագույն փորձին, միջազգային հեղինակավոր կառույցների դիրքորոշումներին և իրավունքի զարգացման արդի միտումներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները»,- վստահեցրել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը քաջ գիտակցում է, որ քրեակատարողական համակարգում տարիների շարունակ արմատացած խնդիրները պարարտ հող են հանդիսացել մի կողմից՝ քրեական ենթամշակույթի տարածման, մյուս կողմից՝ կոռուպցիոն դրսևորումների արտահայտման համար։

Այդ համատեքստում նախարարը հավաստիացրել է, որ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում այդպիսի արատավոր երևույթների դեմ պայքարը որակապես նոր փուլ տեղափոխելու ուղղությամբ։ Դրանցից Ռուստամ Բադասյանն առանձնացրել է ազատությունից զրկված անձանց համար հավասար պայմանների երաշխավորումը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև օրենսդրական հարթությունում տանելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը։ Վերջինի առումով նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է նախագիծը և կա քաղաքական որոշում ՔԿԾ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու  վերաբերյալ:

Այնուհետև, նախարարը բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում Քրեակատարողական ծառայության՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը: Այդ հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը, որի առաջնային արդյունքները, նախարարի գնահատմամբ, առավել քան ոգևորիչ են։ «Լիահույս եմ, որ ծրագրի հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը»,- ասել է Ռուստամ Բադասյանը։ Նախարարը բարձր է գնահատել նաև ՔԿԾ կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների օպերատիվ և արհեստավարժ կառավարման առումով գործադրած ջանքերը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարմինների հետ համագործակցության արդյունքները, ինչպես նաև Արդարադատության նախարարությունում քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատուների որակյալ աշխատանքը:

Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ծառայության մի շարք ծառայողներ և վետերաններ պարգևատրվել են կրծքանշաններով, շնորհակալագրով և հուշանվերներով:

Ոստիկանության պետի հրամանով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով: